ՀՀ ոստիկանությունը խստացրել է հանգստավայրեր տանող ճանապարհների վերահսկողությունը

13.07.2010, 14:24
ՀՀ ոստիկանությունը խստացրել է հանգստավայրեր տանող ճանապարհների վերահսկողությունը

Հանգստի սեզոնի բացման կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը խստացրել է Երևանից հանգստավայրեր տանող ճանապարհների վերահսկողությունը, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը։

«Ճանապարհներին ուժեղացված ռեժիմը կգործի մինչև օգոստոսի վերջը։ Այս ժամանակահատվածի ընթացքում ճանապարհային ոստիկանությունը կաշխատի առանց հանգստյան օրերի, և առավել ինտենսիվ՝ հանգստյան օրերին, երբ մասնավորապես մայրաքաղաքից Սևանա լիճ տանող խճուղին ծանրաբեռնված է լինում»,- ասաց ծառայության պետը։

Նա նշեց, որ անցած կիրակի օրը, երբ Հայաստանում տոնում էին Վարդավառը, Երևան-Սևան մայրուղին գերծանրաբեռնված է եղել, սակայն, Ոստիկանության աշխատակիցների ջանքերով, այդ օրը մայրուղում ընդամենը երկու ճանապարհատրանսպորտային պատահար է արձանագրվել, ինչի արդյունքում երկու մարդ է վիրավորվել։

«Մեր հաշվարկներով, հանգստյան օրերին մեկ օրում Երևանից մինչև 40 հազար տրանսպորտային միջոց է մեկնում։ Սա շատ մեծ թիվ է»,- ընդգծեց Սարգսյանը։ -0-