Բելգիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը. Դեկեր

13.07.2010, 13:18
Բելգիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը. Դեկեր

Բելգիան կարևոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմանի ձևաչափերում, ՀՀ Ազգային ժողովի ղեկավար Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Բելգիայի Սենատի նախագահ Արման դե Դեկերը, հաղորդում է հայկական խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ Դեկերը նշել է երկու խորհրդարանների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը, ինչին, ըստ նրա,  մեծապես նպաստել է նաև 2009թ. իր պաշտոնական այցը Երևան:

Նա նաև հույս հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանի հաջորդ այցը Բրյուսել կլինի պաշտոնական և վերահաստատեց պաշտոնական այցի իր հրավերը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց վերջին շրջանում Հայաստանի և Բելգիայի երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը:

Աբրահամյանը կարևորեց երկու խորհրդարանների միջև գործակցութան զարգացումը ու խորացումը, փոխգործակցությունը ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում, ինչպես  նաև Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրախորհրդարանի հովանու ներքո իրականացվելիք «Եվրանեսթ»-ում:

Նա կարևորեց նաև համագործակցության ակտիվացումը առևտրատնտեսական և այլ ոլորտներում:  ԱԺ նախագահը ընդգծեց միջազգային կառույցներում, մասնավորապես ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում անցած տարիներին Բելգիայի արդյունավետ նախագահությունը` վստահություն հայտնելով,  որ Բելգիայի նախագահությունը Եվրամիությունում ևս կլինի արդյունավետ:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձրաստիճան առաջին հայ պաշտոնյան է, ով այցելեց Բրյուսել Բելգիայի՝ Եվրամիության նախագահությունը  ստանձնելուց հետո:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև տարածաշրջանային խնդիրներ:

Աբրահամյանը նշեց, որ Բելգիայի հետ քաղաքական հարաբերությունները միշտ բարձր մակարդակի վրա են եղել և վստահություն հայտնեց, որ համագործակցությունն այսուհետ կակտիվացվի նաև բոլոր ուղղություններով։

Նա ընդգծեց, որ Հայաստանն աջակցում է եվրաինտեգրման քաղաքականությանը և շարունակում է ժողովրդավարության խորացմանն ուղղված բարեփոխումները։ -0-