ՀՀ ԱԺ խոսնակը մտահոգված է ադրբեջանական դիվերսիայի նկատմամբ միջազգային հանրության անհամարժեք արձագանքից

09.07.2010, 10:24
ՀՀ ԱԺ խոսնակը մտահոգված է ադրբեջանական դիվերսիայի նկատմամբ միջազգային հանրության անհամարժեք արձագանքից
ՀՀ ԱԺ խոսնակը մտահոգված է ադրբեջանական դիվերսիայի նկատմամբ միջազգային հանրության անհամարժեք արձագանքից

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը մտահոգված է ադրբեջանական դիվերսիայի նկատմամբ միջազգային հանրության անհամարժեք արձագանքի կապակցությամբ:

Այս մասին Աբրահամյանը հայտարարել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, պատվիրակությունը գլխավորում է խմբի ղեկավար  Սերժ Լագոշը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

«Արդադառնալով վերջին շրջանում առավել հաճախ դարձած ադրբեջանական ռազմատենչ հայտարարություններին և Բաքվի կողմից հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը կազմակերպված սադրանքին, որին զոհ դարձան 5 հայ զինծառայող՝ ՀՀ ԱԺ խոսնակը մտահոգություն է հայտնել, որ միջազգային հանրության կողմից համարժեք արձագանք չեղավ և Ադրբեջանի գործողությունները չդատապարտվեցին, ինչը կբացառեր նման  դեպքերի կրկնվելը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Հունիսի 18-ի երեկոյան Ադրբեջանի հատուկ ջոկատայինները ներխուժել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք: Թշնամին հետ է շպրտվել: Ծավալված մարտի հետևաքով ղարաբաղյան կողմից չորս զինվոր է զոհվել, ևս չորսը վիրավորվել է: Ադրբեջանական կողմը մարտի դաշտում նվազագույնը մեկ սպանված է թողել:

Աբրահամյանը նաև նշել է, որ Հայաստանը կարևորում է հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն և միակ ձևաչափ:

«Այս ձևաչափը կարգավորման ուղիներ գտնելու բավականաչափ ներուժ ունի», - նշել է Աբրահամյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-