Հայաստանը կարող է ճանաչվել Ռելատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի հիմնադիրներից մեկը, ասել է կենտրոնի տնօրեն Ռեմո Ռուֆֆինին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը: Ռուֆինիի խոսքերով` նման առաջարկ կներկայացվի ՀՀ կառավարությանը:
ՀՀ սփյուռքի նախարարն իր հերթին բարձր է գնահատել արդեն մի քանի տարի գործող կազմակերպության գործունեությունը, որի հիմնադրման գործում կարևոր դեր են խաղացել Եվրոպայի համալսարաններում աշխատող հայ գիտնականները, մասնավորապես` Դուբլինի «Նորագույն հետազոտությունների» ինստիտուտի պրոֆեսոր Ֆելիքս Ահարոնյանը:
Հակոբյանը նաև նշել է, որ Երևանում այս կենտրոնի մասնաճյուղի բացումը նոր հնարավորություն կստեղծի` օգտագործելու արտասահմանում աշխատող հայ գիտնականների ներուժը` օժանդակելու Հայաստանում կատարվող գիտական հետազոտություններին, ինչպես նաև հնարավորություն կտա Հայաստանի երիտասարդ գիտաշխատողներին և ասպիրանտներին մասնակցելու կենտրոնի ծրագրերին:
2009թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ-ի և Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի միջեւ կնքվել է համագործակցության պայմանագիր, որը նախատեսում է կադրերի վերապատրաստում, թրեյնինգների կազմակերպում, համատեղ հետազոտությունների անցկացում: Ծրագրվում է նաև կենտրոնի մասնաճյուղ բացել Հայաստանում:-0-