Մրցավարությունը ֆուտբոլում բարեփոխումների կարիք ունի. փորձագետ

01.07.2010, 19:10
Մրցավարությունը ֆուտբոլում բարեփոխումների կարիք ունի. փորձագետ
Մրցավարությունը ֆուտբոլում բարեփոխումների կարիք ունի. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ժամանակակից ֆուտբոլի մրցավարությունը բարեփոխման կարիք ունի, կարծում է հայտնի խորհրդային ֆուտբոլիստ, ֆուտբոլային փորձագետ Եվգենի Լովչյովը:

«Ժամանակակից ֆուտբոլի ամենաթույլ օղակը մրցավարներն են: Նրանք ետ են մնացել ժամանակակից ֆուտբոլից», - հայտարարեց նա «ՀԱՀ-ում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը» թեմայով Երևան-Մոսկվա-Կիև-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ:

Փորձագետը նշեց, որ այս տարվա աշխարհի առաջնությունը, որը լի է մրցավարական սխալներով, ակնհայտորեն ցույց տվեց այդ ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը:

Լովչյովի խոսքերով` ֆուտբոլում անհրաժեշտ է ներմուծել տեսակրկնության համակարգ, իսկ որպեսզի դրանք չխանգարեն խաղի տեմպին, ապա կարելի է կիրառել թենիսի փորձը, երբ թենիսիստներից ամեն մեկն իրավունք ունի խաղի ընթացքում միայն մի քանի անգամ տեսակրկնության դիտում պահանջել:

Փորձագետը նաև ընդգծեց, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ով նախկինում հիանալի ֆուտբոլիստ է եղել, հասկանում է մրցավարության բարեփոխման անհրաժեշտությունը, և արդեն մի շարք քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ (Եվրոպահի Լիգայի խաղերում դարպասների ետևում կանգնած մրցավարները), ի տարբերություն ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի, ով ֆուտբոլիստ չէ:

ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանն իր հերթին նշեց, որ կոպիտ մրցավարական սխալները կարող են երկրպագուներին հեռացնել ֆուտբոլից, քանի որ նրանց մոտ անարդարության զգացում է առաջանում:

«Ժամանակը փոփոխություններ է պահանջում, և զարմանալի է, որ ֆուտբոլն ուշանում է», - ավելացրեց նա:

ՀԱՀ-ում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ գրանցվել են մի քանի կոպիտ մրցավարական սխալներ, որոնցից հասարակության ամենամեծ արձագանքը ստացել են 1/8-րդ եզրափակչում Գերմանիա-Անգլիա հանդիպման ժամանակ անգլիացի ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդի չհաշված գոլը և նույն փուլում Մեքսիկայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ ակնհայտորեն խաղից դուրս վիճակում արգենտինացի Կառլոս Տևեսի խփած գոլը:

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը ստիպված էր Անգլիայից և Մեքսիկայից ներողություն խնդրել մրցավարների սխալների պատճառով, սակայն նա կտրականապես դեմ է տեսասարքավորումների և այլ տեխնիկական միջոցների կիրառմանը:-0-