Հայաստանում կբացվի Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի մասնաճյուղը
Հայ և իտալացի գիտնականները բանակցություններ են վարում Հայաստանում Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի տարածաշրջանային մասնաճյուղ հիմնելու ոււղղությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական վերլուծական կենտրոնից։
Հաղորդագրության համաձայն` այդ կապակցությամբ այս օրերին Հայաստանում է Իտալիայի Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի պատվիրակությունը՝ պրոֆեսոր Ռեմո Ռաֆֆինի գլխավորությամբ։ Հայկական կողմից բանակցություններին մասնակցում է ՀՀ ԳԱԱ։
«Հայաստանյան մասնաճյուղում նախատեսվում է դասընթացներ կազմակերպել Հայաստանի, Արաբական երկրների, Մերձավոր Արևելքի, Պարսկաստանի, Թուրքիայի, Չինաստանի աստղաֆիզիկոսների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պատվիրակության այցելության արդյունքների պաշտոնական ամփոփումը տեղի կունենա հուլիսի 2-ին:
Այցի շրջանակներում իտալական պատվիրակությունը այցելելու է Բյուրականի աստղաֆիզիկային աստղադիտարան (ՀՀ Արագածոտնի մարզ)։
2009թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ-ի և Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի միջեւ կնքվել է համագործակցության պայմանագիր, որը նախատեսում է կադրերի վերապատրաստում, թրեյնինգների կազմակերպում, համատեղ հետազոտությունների անցկացում: Պայմանագրի շրջանակներում Հայաստանից մեկ ասպիրանտ արդեն գործուղվել է Իտալիա, լսել է դասախոսություններ, մասնակցել կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին: -0-