ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայ շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հաղթանակով են մեկնարկել Ջերմուկում անցկացվող ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի 4-րդ փուլը, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։
Առաջին տուրում Դանիելյանը սպիտակ քարերով հաղթել է հայտնի վրացի շախմատիստուհի, աշխարհի նախկին չեմպիոն Մայա Չիբուրդանիձեին, իսկ Մկրտչյանը կարողացել է սևերով հաղթել չինացի Սյու Յուխուային։
Առաջին տուրի մյուս պարտիաներում Շեն Յանը (Չինաստան) հաղթել է իր հայրենակից, մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկին՝ Խոու Իֆանին, Նանա Ձագնիձեն (Վրաստան)՝ Անտոանետա Ստեֆանովային (Բուլղարիա), իսկ Բաիրա Կովանովան (Ռուսաստան)՝ Մարտա Ֆիերոյին (Էկվադոր)։
Տատյանա Կոսինցևայի (Ռուսաստան) և Պիա Քրամլինգի (Շվեդիա) միջև պարտիան ոչ-ոքի է ավարտվել։
Երկրորդ տուրում Դանիելյանը սև քարերով կխաղա Նանա Ձագնիձեի հետ, իսկ Մկրտչյանը՝ սպիտակներով Մարտա Ֆիերոյի հետ։ -0-