Թուրք ռեժիսորի ֆիլմը կբացի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի երևանյան պրեմիերաները

25.06.2010, 18:50
Թուրք ռեժիսորի ֆիլմը կբացի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի երևանյան պրեմիերաները

«Ոսկե ծիրան» 7-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի երևանյան պրեմիերաները կբացվի հայտնի թուրք ռեժիսոր Սեմիհ Կապլանօղլու «Մեղր» ֆիլմի ցուցադրությամբ, ասաց «Ոսկե ծիրան» 7-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը։

«Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնը տարածաշրջանում ամենահեղինակավոր փառատոններից մեկն է և անցկացվում է 2004 թ.-ից: «Ոսկե ծիրան» յոթերորդ կինոփառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 11-18-ը, որի շրջանակներում կներկայացվեն ավելի քան 100 ֆիլմեր աշխարհի 62 երկրներից:

«Երևանյան պրեմիերաները բացում է այս տարվա Բեռլինի փառատոնի գլխավոր մրցանակակիր, գերմանացի ծագումով թուրք ռեժիսոր Սեմիհ Կապլանօղլուի «Մեղր» ֆիլմը, որը միաժամանակ ժյուրիի անդամ է»,-հինգշաբթի լրագրողներին ասաց Ստամբոլցյանը։

Փառատոնի ծրագրերի տնօրենը հայտնեց, որ երևանյան պրեմիերաների շրջանակներում նաև կցուցադրվեն «Փոխայց» (Քշիշտոֆ Զանուսսիի վերջին ֆիլմը (Լեհաստան)), «Ներշնչված» (Ռոբ Նիլսեն (ԱՄՆ)), «Սպիտակ ժապավեն» (Միխայիլ Հանեքե (Ավստրիա-Ֆրանսիա-Գերմանիա-Իտալիա)), «Կոկո Շանելը և Իգոր Ստրավինսկին» (Յան Կունեն (Ֆրանսիա)), «Պոեզիա» (Լի Չան-Դոն ( Հարավային Կորեա)), «Համադասարանցիները» (Սերգեյ Սոլովյով (Ռուսաստան)), «Հիվանդասենյակ համար վեց» (Կարեն Շահնազարով (Ռուսաստան)) և «Ուղևորը» (Ստանիսլավ Գովոռուխին (Ռուսաստան)) կինոնկարները։

Միաժամանակ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի միջոցառումների կազմակերպիչ Վարդան Հակոբյանն ավելացրեց, որ փառատոնի բացումը կնշանավորվի Հայաստանի մայրաքաղաքում Սուրբ Զորավոր եկեղեցում ծիրանի օրհնությամբ։ -0-