Հայաստանի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս ավելի շատ հեղուկ օգտագործել և խուսափել արևից

21.06.2010, 16:44
Հայաստանի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս ավելի շատ հեղուկ օգտագործել և խուսափել արևից

Հայաստանի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս քաղաքացիներին շոգ եղանակին ավելի շատ հեղուկ օգտագործել և ցերեկային ժամերին խուսափել արևից:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շոգ եղանակին օրգանիզմը կորցնում է մինչև 2-2,5 լիտր հեղուկ, իսկ շատ շոգ ժամանակ՝ մինչև 4 լիտր, այդ պատճառով էլ անհրաժեշտ է ավելի շատ հեղուկ օգտագործել»,- երկուշաբթի հայտարարեց Հայաստանի առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

Ըստ նրա, օրգանիզմից մեկ լիտրի կորուստը հանգեցնում է ծարավի, երկու լիտրի կորուստը՝ մտավոր ունակությունների նվազման, երեք լիտրի կորուստը՝ գլխապտույտի, իսկ չորս լիտրի կորուստը՝ սրտի հնարավոր նոպաների:

Նա նշեց նաև, որ ամռանը հատկապես սպառնալիք են ներկայացնում ուլտրամանուշակագույն ճառագայթները, որոնք տարվա մյուս եղանակներին բարձրացնում են իմունային համակարգը, դրական են ազդում ոսկրահամակարգի ձևավորման վրա և բարձրացնում են աշխատունակությունը: Ամռանը դրանք կարող են հանգեցնել արևահարման, այրվածքների, իսկ մի քանի տարվա ընթացքում՝ մաշկային հիվանդությունների, օրինակ՝ մելանոմայի:

«Շոգ եղանակին խորհուրդ է տրվում խուսափել արեգակնային ճառագայթներից և ժամը 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածն անցկացնել ստվերում, հատկապես տարեց մարդկանց, երեխաներին, հղի կանանց և խրոնիկ հիվանդություններով տառապող անձանց: Անհրաժեշտ է կրել գլխարկներ, արևապաշտպան ակնոցներ, անձրևանոցներ, ինչպես նաև առավելագույնս հեղուկ օգտագործել»,- ասաց Վանյանը:

Միաժամանակ, ըստ նրա, ծարավը հագեցնելու նպատակով անհրաժեշտ է առաջին հերթին օգտագործել սառը թեյ, ջուր, հյութեր (առավելապես թթու մրգերից՝ բալից, հոնից), ինչպես նաև կեֆիր, մածուն: Անհրաժեշտ է փորձել զերծ մնալ կոֆեին և շաքար պարունակող հեղուկներից: Խորհուրդ է տրվում նաև կրել բաց գույնի հագուստ՝ ցանկալի է բամբակից:

Ամառային սեզոնի վտանգների թվում նա նշեց նաև հնարավոր մրսածությունը, որն ի հայտ է գալիս կամ սխալ տեղադրված օդորակիչներից, որոնք պետք է ուղղված լինեն անմիջապես մարդու վրա, կամ շատ սառը զովացուցիչ ըմպելիքների օգտագործումից:

Նա նշեց նաև, որ օդի բարձր ջերմաստիճանը հանգեցնում է վիրուսային զանազան վարակների և սննդային թունավորումների տարածման, ինչի պատճառ են դրանց համար առկա բարենպաստ պայմանները:

«Հույս ունենք, որ ջերմաստիճանը հետագայում չի բարձրանա այնքան, որ ստիպված լինենք դադարեցնել բոլոր պետհաստատությունների աշխատանքը, սակայն եթե նման բան տեղի ունենա, ապա իրավիճակը կներկայացվի նախարարին, և համապատասխան որոշում կընդունվի կառավարության կողմից: Սակայն ներկայում նման վտանգ չկա»,- ասաց Վանյանը:

Առողջապահության նախարարության բուժվարչության պետ Վահան Պողոսյանն իր հերթին հիշեցրեց, որ Հայաստանում բոլոր պոլիկլինիկաների ծառայություններն անվճար են և կոչ արեց քաղաքացիներին առաջին ախտանշանների դեպքում դիմել բուժհաստատություններ:

«Առողջապահության նախարարությունը հանձնարարել է Երևանի բոլոր բուժհաստատություններին, պոլիկլինիկաներին և հիվանդանոցներին հնարավորինս արագ ցուցաբերել առաջին բուժօգնությունը»,- ասաց Պողոսյանը: -0-