Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների վերսկսումը վկայում է մադրիդյան սկզբունքներում առկա որոշ փոփոխությունների մասին. փորձագետ

17.06.2010, 16:21
Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների վերսկսումը վկայում է մադրիդյան սկզբունքներում առկա որոշ փոփոխությունների մասին. փորձագետ
Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների վերսկսումը վկայում է մադրիդյան սկզբունքներում առկա որոշ փոփոխությունների մասին. փորձագետ

Լեռնային  Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ բարձր մակարդակով հանդիպումների վերսկսումը որոշ դադարից հետո վկայում է մադրիդյան սկզբունքներում որոշ փոփոխություններ մտցնելու մասին, կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար, փորձագետ  Կարեն Բեքարյանը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով աշխատանքային այցով հունիսի 17-19-ը կայցելի Սանկտ Պետերբուրգ՝ միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով: Ֆորումի շրջանակներում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

«Բանակցությունների սեղանին սկզբում Մադրիդյան, այնուհետև՝ թարմացված Մադրիդյան սկզբունքներն էին: Թարմացված սկզբունքների ի հայտ գալուց հետո Ադրբեջանը հայտարարեց, որ իրենց համար դրանք կարող են բանակցությունների հիմք դառնալ, իսկ Հայաստանն ընկալում էր այդ սկզբունքները որպես բանակցությունների աշխատանքային փուլ»,- ասաց Բեքարյանը:

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը զուսպ դիրքորոշում է դրսևորել այս սկզբունքների նկատմամբ՝ չընկալելով դրանք որպես բանակցությունների «առանցք»:

«Հայկական կողմի համար թարմացված մադրիդյան սկզբունքներում գերակշռել են անընդունելի կետեր: Եվ դրանով կարելի էր բացատրել բարձր մակարդակով հանդիպումների հազվադեպ լինելը: Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ եթե Սերժ Սարգսյանը համաձայնել է մասնակցել Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը, ապա մադրիդյան սկզբունքներում որոշ փոփոխություններ են կատարվել»,- ավելացրեց փորձագետը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին ներկայացրեցին  ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները:

Ընթացիկ տարվա հունվարի 15-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ներկայացրեցին Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը, որի առիթով կողմերը պետք է ներկայացնեին իրենց առաջարկությունները:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-