Հայաստանում սեպտեմբերին աղետների արձագանքմանը նվիրված ՆԱՏՕ-ի զորավարժություններ կանցկացվեն

15.06.2010, 14:11
Հայաստանում սեպտեմբերին աղետների արձագանքմանը նվիրված ՆԱՏՕ-ի զորավարժություններ կանցկացվեն

Բնական աղետներին արձագանքմանը նվիրված ՆԱՏՕ-ի եվրոատլանտյան համակարգող կենտրոնի զորավարժությունները կանցկացվեն Հայաստանում այս տարվա սեպտեմբերին, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը:

«Քաղաքացիական պաշտպանության և բնական ու տեխնածին խոշոր աղետների արձագանքման ոլորտում իրագործվող ՆԱՏՕ-ի տարեկան զորավարժությունները Հայաստանի համապատասխան ծառայություններին յուրատեսակ հնարավորություն կտան ՆԱՏՕ-ի Եվրոատլանտյան համագործակցության խորհրդի ավելի քան տասը երկրների փորձագետների հետ գործնական համագործակցություն հաստատելու համար», - երեքշաբթի «Հասարակական ընկալումները ՆԱՏՕ-ի գործողությունների եւ անվտանգության ու պաշտպանական բարեփոխումների վերաբերյալ» միջազգային սեմինարի ժամանակ ելույթում նշեց Կիրակոսյանը:

Միաժամանակ Կիրակոսյանն ընդգծեց, որ դժվար է գերագնահատել ակտիվ սեյսմիկ գոտում և վաղ անցյալում ավերիչ երկրաշարժ վերապրած Հայաստանի համար այս միջոցառման կարևորությունը:

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ  ավերվեցին մասամբ։ Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0--