ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Միշա Ալոյանը 7:2 հաշվով հաղթել է իտալացի Վինչենցո Պիկարդիին և ռուսաստանցի բռնցքամարտիկներից առաջինը նվաճել Մոսկվայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի Առաջնության եզրափակչի ուղեգիրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Մինչև 51 կգ քաշային կատեգորիայում երկու բռնցքամարտիկների հանդիպման առաջին ռաունդը (Ալոյանը 2009 թ.-ի Եվրոպայի առաջնության մրցանակակիրն է, Պիկարդին 2007 թ.-ի Եվրոպայի առաջնության և 2008 թ.-ի Օլիմպիադայի մրցանակակիրն է) անցել է զգույշ, դիրքային պայքարում, սակայն Ալոյանը փոքր-ինչ դիպուկ էր՝ 2:1: Երկրորդ ռաունդում իտալացին հարվածների փոխանակմամբ հավասարեցրել է հաշիվը, բայց երրորդ ռաունդում ռուսաստանցին տիրել է նախաձեռնությանը և մի քանի դիպուկ հարվածներով պարտության մատնել մրցակցին:
Բռնցքամարտիկի մարզիչ Էդուարդ Կրավցովը հայտնել է, որ մրցապայքարից առաջ դատավորների օբյեկտիվության կապակցությամբ մտավախություն կար, «քանի որ Պիկարդին Իտալիայի վերջին ներկայացուցիչն էր Մոսկվայի առաջնությունում»:
«Այդ պատճառով առաջին ռաունդում Միշայի երկու-երեք հարվածները չհաշվեցին, երկրորդ ռաունդում իտալացուն վիճարկելի հարված տվեցին, և ամեն ինչ հետաձգվեց մինչև վերջին ռունդը»,- նշել է մարզիչը:
«Բայց ապրի Միշան: Չնայած իր հուզականության՝ նա ամբողջովին կատարեց մարտավարական պլանը, պայքարեց սառնասրտորեն՝ սկզբից սպասելով մրցակցի սխալներին, իսկ այնուհետև գերազանցելով նրան արագության հաշվին», - ավելացրել է Կրավցովը:
Հունիսի 12-ին Ալոյանը եզրափակչում կմրցի անգլիացի Հալիդ Յաֆայեմի հետ, ով կիսաեզրափակչում 5:0 հաշվով պարտության է մատնել 209 թ.-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ռոննի Բեբլիկին:
Մոսկվայում Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է «Ռուսաստանը մարզական տերություն է» միջազգային ֆորումի շրջանակներում: -0-