Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերությունն անհնար է, կարծում է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը:
Վերջին ժամանակներս զգալիորեն ակտիվացել են Ռուսաստանի և Թուրքիայի կապերը, հատկապես՝ տնտեսության և էներգետիկայի ոլորտներում:
«Ռուսաստանը կարող է ընկերություն անել Թուրքիայի հետ այնքանով, որքանով դա վերաբերում է առևտրատնտեսական գործընկերությանը, գազի և նավթի տարանցմանը, սակայն ոչ ռազմավարական գործընկերությանը, քանի որ դա հակասում է ռուսական շահերին», - ասել է Բաբուխանյանը:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանի առջև կանգնած է ԱՊՀ տարածքում սեփական ազդեցության պահպանման խնդիրը, այդ թվում նաև՝ Միջին Ասիայի թուրքալեզու երկրներում: Բացի այդ, Բաբուխանյանի կարծիքով, կարող են սպառնալիքներ հայտնվել Ռուսաստանի թուրքաբնակ շրջաններում:
Քաղաքական գործիչը նաև քիչ հավանական է համարում Իրանի և Թուրքիայի հարաբերությունների երկարաժամկետ ամրապնդումը՝ հաշվի առնելով բնական և անհաղթահարելի իրանաադրբեջանական տարաձայնությունները:
Բաբուխանյանը նաև աղոտ է համարում թուրք-արաբական մերձեցման հեռանկարները՝ հաշվի առնելով այն, որ «արաբները գենետիկորեն հակաթուրքական տրամադրվածություն ունեն»:
Քաղաքական գործիչը կարծում է, որ բոլոր այս թուրքական խաղերը շուտով կավարտվեն, և Թուրքիան կվերադառնա ամերիկյան քաղաքականության ուղեծիր:-0-