Թուրքիան վատնել է իր վստահության պաշարը Հայաստանի հետ բանակցություններում. նախագահ

26.05.2010, 10:16
Թուրքիան վատնել է իր վստահության պաշարը Հայաստանի հետ բանակցություններում. նախագահ
Թուրքիան վատնել է իր վստահության պաշարը Հայաստանի հետ բանակցություններում. նախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախապայմաններ թելադրելով և պայմանավորված ժամկետները խախտելով` Թուրքիան վատնել է իր` որպես բանակցային գործընկերոջ վստահության պաշարը, երեքշաբթի ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից:

Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

Հանդիպման ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի շուրջ: 

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ Նախագահը Բրյուսելում հանդիպումներ կունենա Եվրոպական Միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բառոզոյի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ բարոնուհի Քեթրին Էշթոնի հետ: Եվրոպական Հանձնաժողովի` ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, առևտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտի, տնտեսական և ֆինանսական հարցերով հանձնակատար Օլի Ռենի հետ:

ՀՀ նախագահին Բրյուսելում կհյուրընկալեն նաև Բելգիայի Սենատի նախագահ Արմանդ Դե Դեկերը և Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսը: Նախագահ Սարգսյանն այցի ընթացում հանդիպում կունենա Բելգիայի և Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կայցելի հայտնի բարերարներ Ժան և Ալբեր Պողոսյանների գլխավորությամբ գործող Պողոսյան հիմնադրամի հիմնած Արևելքի և Արևմուտքի մշակույթների և երկխոսության «Վիլա Էմպեն» կենտրոն:--0--