Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել է Հայաստանում տարվա արդյունքներով գրանցված տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումը՝ 1,8 տոկոսի փոխարեն այն կլինի 4 տոկոս, ասաց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը:
Հայաստանում 2010թ.-ի արդյունքներով ՀՆԱ-ի աճի վերաբերյալ ԱՄՀ նախկին կանխատեսումը եղել է 1,8 տոկոս, իսկ 2011թ.-ին՝ 3 տոկոս: Ընդ որում, ԱՄՀ տնտեսական զարգացման (World Economic Outlook) հրապարակման համաձայն, 2015թ.-ին Հայաստանի տնտեսության իրական աճը 4,5 տոկոս պետք է կազմեր:
«Հայաստանի մասով մենք վերանայել ենք մեր կանխատեսումները, հատկապես ՀՆԱ-ի ուղղությամբ, որը 2010թ.-ի տվյալների համաձայն կմոտենա 4 տոկոսին, իսկ գնաճը, չնայած ներկա նվազման միտումին, տարվա կտրվածքում 6 տոկոս կկազմի»,- չորեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լյուիսը:
ԱՄՀ ներկայացուցիչը նշեց, որ գնաճի ցուցանիշը շատ դեպքերում համահունչ է Հիմնադրամի նախկին կանխատեսումներին:
«Չնայած տնտեսական պայմանները դեռ դժվարին են, Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: Ակնկալվում է, որ 2010թ.-ին աճը կսկսի վերականգնվել, այնպես, ինչպես ներքին փոխանցումների ծավալը, կբարելավվի նաև պետական ֆինանսների դրությունը»,- ասաց Լյուիսը:
Գնաճի մասին խոսելիս՝ նա ասաց, որ այն դեռ բարձր է, ինչը պայմանավորված է շուկայում առաջարկի տարբեր ցնցումների հետ, սակայն, ԱՄՀ կանխատեսումների համաձայն, 2010թ.-ի ընթացքում այն պետք է աստիճանաբար նվազի:
«Այդուհանդերձ, թեև ճգնաժամն ավարտվել է, ի հայտ են եկել կարևոր միջնաժամկետ մարտահրավերներ՝ աճի խթանում և միաժամանակ աղքատության կրճատում, պարտքի կուտակման հակադարձում և ֆինանսական կայունության պահպանում»,- ասաց Լյուիսը:
Պետբյուջեի համաձայն, 2010թ.-ի ընթացքում Հայաստանում ՀՆԱ աճը ծրագրվել է 1,2 տոկոսի մակարդակում: -0-