Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ՀՀ ԱԺ խոսնակ

18.05.2010, 11:15
Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ՀՀ ԱԺ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և Հայաստանի համար կարևոր են ԼՂ կարգավիճակի ու ԼՂ ժողովրդի անվտանգության հարցերը, մայիսի 17-ին Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ԼՂ հարցում չեխական կողմի անկողմնակալ դիրքորոշման համար, նշելով, որ Հայաստանի իշխանությունները  կողմնակից են հարցի խաղաղ լուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Չեխիայի վարչապետը եւս նշեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում եւ հայտնեց, որ ԼՂ հարցում Չեխիան հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել:

Չեխիայի վարչապետը երկօրյա պաշտոնական այցով Երևանը ժամանել է նախօրեին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-