Շանսի նահանգում ՀՀ նախագահը հայ-չինական կաուչուկի գործարան է բացել

04.05.2010, 16:12
Շանսի նահանգում ՀՀ նախագահը հայ-չինական կաուչուկի գործարան է բացել

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի ընթացքում Շանսի նահանգի Դաթուն քաղաքում մայիսի 3-ին ներկա է գտնվել հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացման հանդիսավոր արարողությանը, երեքշաբթի հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ապրիլի 29-ին հայկական պետության ղեկավարը մեկնել է ՉԺՀ Շանհայ քաղաքում Էքսպո-2010 համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար։

«Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ  (ՀՀ) միջև 2003թ. կնքված պայմանագրի հիման վրա:  «Շանսի-Նաիրիտում» հայկական կողմի բաժնեմասը կազմում է 40 %:

ՀՀ նախագահը հանդիպել է նաև Շանսիի նահանգապետ Վան Ցզյունին: Քննարկվել են այս նահանգի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր: -0-