Հայաստանի և Թուրքիայի հասարակությունները պետք է միմյանց ավելի լավ ճանաչեն. թուրք հասարակական գործիչ

30.04.2010, 17:57
Հայաստանի  և Թուրքիայի հասարակությունները պետք է միմյանց ավելի լավ ճանաչեն. թուրք հասարակական գործիչ
Հայաստանի  և Թուրքիայի հասարակությունները պետք է միմյանց ավելի լավ ճանաչեն. թուրք հասարակական գործիչ

Հայաստանի և Թուրքիայի հասարակությունները պետք է միմյանց ավելի մոտիկից և լավ ճանաչեն, այս կարծիքին է թուրք հասարակական գործիչ, Երիտասարդական միավորումների ընկերության նախագահ Սալի Յուջեն:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից:

«Մենք միմյանց բավական լավ չենք ճանաչում, ինչի հետևանքով մեր միջև հարաբերությունները կանխակալ են»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց նա:

Յուջեն նշեց, որ Թուրքիայում շատ հասարակական կազմակերպություններ կան, որոնք ցանկանում են Հայաստանի հետ բարեկամական երկխոսություն կարգավորել, և «եթե թուրքերը կարողանան ավելի ճանաչել Հայաստանը, իսկ Հայաստանի բնակիչներն ավելի ճանաչեն թուրքերին, հասարակական ոլորտում մարդիկ կապահովեն այդ առավելությունը»:

«Թուրքիայում շատ ՀԿ-ներ բավական անկեղծորեն են ցանկանում աշխատել Հայաստանի հետ, և մենք ապագա հասարակական գործիչների հետ հարաբերությունների կարգավորման հարցով կշարունակենք մեր ջանքերը հասարակական ոլորտում»,- ընդգծեց նա:

Յուջեն նաև ասաց, որ Թուրքիա վերադառնալուց հետո մտադիր է իր գործընկերների հետ կիսել հայկական հասարակության հետ ավելի խորը և ջերմ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ ունեցած մտքերով:

Այդ թվում նա պարզաբանեց, որ անցյալում հայ երիտասարդության ներկայացուցիչների մասնակցությամբ արդեն իրականացվել են երեք-չորս համատեղ նախագծեր, այդ թվում զանազան կրթական ծրագրեր:

«Մենք մտադիր ենք շարունակել աշխատել նույն ձևաչափում՝ Հայաստանից երիտասարդներին հրավիրել և համատեղ նախագծեր իրականացնել »,- ասաց Յուջեն:

Քաղաքական զարգացումների հայկական հետազոտական կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանն իր հերթին նշեց, որ առաջիկա տարվա ընթացքում անհրաժեշտ է երկու երկրների միջև հասարակական երկխոսությունն ուժեղացնել:

«Պետք է շարունակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, սահմանի բացման  առավելությունների քարոզչությունը»,- ասաց նա: -0-