Հայաստանը ՌԱՀ զարգացման մեծ ներուժ ունի. Անվտանգության խորհուրդ
Հայաստանը ռազմարդյունաբերական համալիրի զարգացման կուտակած մեծ ներուժ ունի, հինգշաբթի հայտարարեց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՌԱՀ ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է Ազգային անվտանգության մամուլի ծառայությունը։
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր երկրում կա կուտակված ներուժ, ուստի պետք է լիակատար հաշվառենք առկա ներուժը` լավ արդյունքների հասնելու համար»,- ասաց Բաղդասարյանը Հաաստանի պաշտպանության նախարարության հետ համագործակցող 39 ձեռնարկությունների ղեկեվարների հետ հանդիպման ընթացքում։
Ըստ նրա՝ հետազոտությունների նպատակն է եղել այլ երկրներում ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը վերաբերող հարցերի ուսումնասիրությունը։ Մասնավորապես, Բաղդասարյանը նշեց, որ Արևմտյան Եվրոպայի զարգացած երկրներում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման վրա պետությունը ծախսում է բյուջեի 10-15 տոկոսը, որովհետև ռազմարդյունաբերական համալիրի գործարկումը նշանակում է նաև այլ ճյուղերի զարգացում, արդիականացում: ԽՍՀՄ-ում մեծ տեղ էր հատկացվում ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը, այդ ձեռնարկությունները նաև քաղաքացիական նշանակության ապրանքներ էին թողարկում:
Նա նշեց, որ միջգերատեսչական հանձնաժողովի խնդիրն է մշակել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հայեցակարգ, պետական ծրագիր, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի զարգացման գործնական քայլեր ձեռնարկել:
Միջգերատեսչական հանձնաժողովը գլխավորում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
Հանդիպման ընթացքում Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանր ներկայացրել է անվտանգության խորհրդում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
Իր հերթին Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը ներկայացրել է ռազմարդյունաբերության զարգացման հայեցակարգային ուղղություններում առկա խնդիրները:
Ամփոփելով հանդիպման արդյունքները` Արթուր Բաղդասարյանը կարևորել է առկա խնդիրների վերլուծությունն ու զարգացման ճիշտ ուղիների մշակումը։ Նա հայտնեց, որ հանդիպումները ռուսական և բելառուսական ընկերությունների հետ արդեն տալիս են առաջին պտուղները, կան նախնական պայմանավորվածություններ, ստորագրված փաստաթղթեր, համաձայն որոնց կխթանվեն կապերը Հայաստանի և այդ երկրների ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միջև:
Նա ասաց նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդներում ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որն զբաղվելու է նաև այս ոլորտում կոնկրետ առաջընթաց ապահովելու խնդրով:
«Վստահ եմ` մեկ տարվա ընթացքում կկարողանանք մի քանի ուղղություններով լուրջ առաջընթաց ունենալ»,- ասաց Բաղդասարյանը։
Որոշվել է ձեռնարկությունների ղեկավարների ներկայացնելիք անձնագրերի հիման վրա ստեղծել տվյալների ամբողջական բազա և գործնական նախաձեռնություններ մշակել: -0-