Ոսկրածուծի պատվաստման վիրահատություններ` Հայաստանում
Հայաստանում նախատեսվում է ոսկրածուծի պատվաստման վիրահատություններ իրականացվել, երկուշաբթի լրագրողներին հայտնեց «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը։
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը հիմնվել է Հայաստանում 1999 թվականի հունիսին։ Ռեեստրի նպատակը Հայաստանում և Սփյուռքում սպիտակարյունությամբ և արյան այլ հիվանդություններով տառապող մարդկանց համար ոսկրածուծի համապատասպան դոնորների որոնումն է։
«Այսօր ոսկրածուծի պատվաստման վիրահատություններն իրականացվում են միայն արտերկրում, ինչը բավական թանկ և ոչ այդքան մատչելի ծառայություն է»,- ասաց Ավագյանը։
Ըստ նրա, ներկայում բանակցություններ են տարվում Հայաստանի առողջապահության նախարարի հետ՝ երկրի տարածքում վիրահատության այս տեսակի կազմակերպման հնարավորության վերաբերյալ։
Նա նշեց, որ այդ նախագիծն առողջապահության ոլորտի մյուս ութ նախագծերի թվում վարչապետի դիտարկման փուլում է։
Նրա խոսքերով, հիմնադրամն ինքնուրույն արդեն կադրերի վերապատրաստում է կազմակերպել։ -0-