ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշով) աջակցել է Արևելյան Հայաստանի ազատագրման համար առաջին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ (1801-1813թթ) զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված թխկիների պուրակի ստեղծմանը:
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից, «Ռուսական մշակույթի օջախ» հասարակական կազմակերպության կամավորները Լոռվա մարզում տնկել են զոհված զինվորների թվին համապատասխան 114 ծառ:
«Որպես ռուս ազգի ներկայացուցիչ և հայ ազգի բարեկամ, հպարտ եմ, որ շնորհիվ հենց մեր ընկերության հնարավոր եղավ իրականացնել այս նախաձեռնությունը: Հուսով եմ, որ այս պուրակը կհիշեցնի մեր նախնիների փառավոր անցյալը, կդառնա միասնության և մեր եղբայրական ժողովրդների լուսավոր ապագայի խորհրդանիշ», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Ռուսական մշակույթի օջախ» հասարակական կազմակերպության նախագահ Ջուլիետա Կուզինան իր հերթին շնորհակալություն է հայտնել «ԱրմենՏել» ընկերությանը պուրակի ստեղծմանն աջակցելու համար: «Կարծում ենք, որ սա արժանի տուրք է զինվորական փառքին և ռուս-հայկական բարեկամական կապերին»,- ասել է Կուզինան:
Սա ընկերության կողմից կազմակերպված առաջին ակցիան չէ: 2010 թ.-ի ապրիլի 17-ին «ԱրմենՏելը» հայ լրագրողների հետ համատեղ Հաղթանակի զբոսայգում տնկեց 107 ծառ` հիմնելով «Լրագողների պուրակը»:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշով) «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը: «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված և բջջային կապի ծառայություններ:-0-