Թուրքիայում Սուրբ Խաչ հայկական եկեղեցու վերականգնումը սոսկ ցուցադրություն է. փորձագետ

20.04.2010, 19:52
Թուրքիայում Սուրբ Խաչ հայկական եկեղեցու վերականգնումը սոսկ ցուցադրություն է. փորձագետ

Թուրքիայի տարածքում Սուրբ Խաչ հայկական եկեղեցու վերականգնումը համաշխարհային հանրության համար սոսկ  ցուցադրական բնույթ է կրում, այդ կարծիքին է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության (RAA) երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։

«Աղթամար կղզու եկեղեցու վերականգնման աշխատանքները թատերական ներկայացում էր ողջ աշխարհի առջև, որը Թուրքիան դեռ ավարտին չի հասցրել»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Կարապետյանը հիշեցրեց, որ ընդամենը երկու-երեք տարի առաջ 10-րդ դարի մեկ այլ հայկական եկեղեցի՝ գտնվող Աղթամարի եկեղեցուց 5 կմ հարավ, բարբարոսաբար ոչնչացվել է։

Այդ կապակցությամբ Կարապետյանը կոչ է արել Հայաստանի համապատասխան պետական կառույցներինէ ակտիվություն ցուցաբերել երկրի սահմաններից դուրս հայկական ժառանգության հուշարձանների պահպանման  հարցում։

Սուրբ Խաչ եկեղեցին հայկական միջնադարյան ճարտարապետության ակնառու հուշարձաններից է: Այն կառուցվել է Վասպուրականի թագավորության ծաղկման ժամանակաշրջանում՝ 915-921 թթ.-ին՝ ճարտարապետ Մանվելի կողմից՝ Հայոց Գագիկ Արծրունի թագավորի գահակալության տարիներին:    

Թուրքիան հայկական Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումը սկսել է միջազգային հանրության ճնշման ներքո: Դրա վերականգնման համար թուրքական իշխանությունները հատկացրել էին 1,5 մլն դոլար: Աշխատանքներն իրականացվել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից Վանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ:

Ծրագրվում է, որ եկեղեցին կբացվի 2010թ.-ի սեպտեմբերին հոգևոր արարողությունների անցկացման համար, եկեղեցու գմբեթին խաչ կտեղադրվի, որի ճշգրիտ կրկօրինակը պատրաստվել է փորձագետների կողմից։ -0-