Սամցխե-Ջավախեթիում (Վրաստան) բնակվող հայերի իրավունքների խախտման դեմ բողոքի ակցիա է անցկացվել երեքշաբթի Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ՝ ՀՀ Ազգային նոր պահպանողական շարժման նախաձեռնությամբ։
Շարժման առաջնորդ Էդուարդ Աբրամյանը ակցիայի շրջանակներում դեսպանատան աշխատակցին նամակ է փոխանցել՝ Վրաստանի իշխանություններից պահանջելով պահպանել Ջավախքի հայերի իրավունքները։
«Վրացական իշխանություններին կոնկրետ պահանջներ են ներկայացվել, որոնք հնչեցվել են դեռ մի քանի ամիս առաջ, դրանք այն հարցերն են, որոնք վերաբերում են հայոց լեզվի ու Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակին, Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանին ինքնավարության տրամադրմանը»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Աբրամյանը։
Դրա հետ կապված՝ շարժման առաջնորդը նշեց, որ այժմ վրացական իշխանություններն առանց որևէ հիմնավորման արգելում են Հայաստանից Ջավախք հայալեզու գրականություն տեղափոխելուն և «փորձում են տվյալ տարածաշրջանում բնակվող հայերի մշակութային շրջափակում իրականացնել»։ Նա ընդգծեց, որ ներկայումս Ջավախքի դպրոցներում հայոց լեզուն որոշակի կարգավիճակ չունի։
Աբրամյանը հայտնեց, որ հիշյալ պահանջները վայելում են Հայաստանի մի շարք քաղաքական ուժերի աջակցությունը, որոնց թվում են՝ ՀՅԴ Դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը, Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը։
«Ներկայումս ԱՄՆ-ում համանման միջոցառում է անցկացվում, որը կազմակերպվել է մեր շարժման ամերիկյան կոմիտեի կողմից, նման բողոքի ակցիաներ անցկացվում են Մոսկվայում և Բեյրութում»,- ավելացրեց շարժման առաջնորդը։--0--