Հայաստանի կառավարությունը պահուստային հիմնադրամից 18 մլն դրամ (մոտ 45 հազար դոլար) է հատկացրել Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման համար:
«Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման կառավարանական հանձնաժողովն արդեն հաստատել է անցկացվելիք միջոցառումների ցանկը և ժամանակացույցը: Միջոցառումների նախապատրաստման համար կառավարության պահուստային հիմնադրամից առաջարկվում է հատկացնել 18 մլն դրամ»,- հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հայտնել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ըստ նախարարի՝ միջոցառումների մեծ մասը, մասնավորապես, կազմում է տպագրական գործունեությունը, զանազան նյութերի հրատարակումը:
Ինչպես տեղեկացրեց Պողոսյանը, միջոցառումները կմեկնարկվեն արդեն ապրիլի 16-ից:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին ընդգծել է Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված բոլոր միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը:
Ինչպես ասաց վարչապետը, միջոցառումների ցանկը հարուստ և բազմակողմանի է:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-