Հայաստանը չպետք է դուրս գա Թուրքիայի հետ բանակցային գործընթացից. փորձագետ

14.04.2010, 10:27
Հայաստանը չպետք է դուրս գա Թուրքիայի հետ բանակցային գործընթացից. փորձագետ
Հայաստանը չպետք է դուրս գա Թուրքիայի հետ բանակցային գործընթացից. փորձագետ

Հայաստանը չպետք է դուրս գա Թուրքիայի հետ բանակցային գործընթացից, քանի որ դա կտանի դեպի անորոշություն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասել է Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ավագ փորձագետ, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Մանվել Սարգսյանը:

«Բանակցային գործընթացից դուրս գալը Հայաստանին որևէ դրական բան չի տա», - ասել է փորձագետը:

Նա նշել է, որ հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական գործընթացն անցում է մեկ փուլից մյուսին, որտեղ ԱՄՆ-ն առաջնահերթ դեր է խաղում:

«Վաշինգտոնյան հանդիպումները կարող են շատ բան փոխել, և հնարավոր է՝ արդեն մոտ օրերս պարզվի, թե ապրիլի 24-ին իր ամենամյա ուղերձի ժամանակ ԱՄՆ նախագահը կհնչեցնի՞ «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը, թե՞ ոչ», - ասաց Սարգսյանը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում մասնակցել է Գլոբալ միջուկային անվտանգության հարցերի գագաթնաժողովին։Հայկական պետության ղեկավարը Վաշինգտոնում երկկողմ հանդիպում է անցկացրել իր ամերիկացի գործընկերոջ և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ 

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-