Գերմանացի լուսանկարիչ, գրաֆիկ և դիզայներ Շտեֆան Կոպելկամի աշխատանքները՝ գերմանական քաղաքների անցյալի և ներկայի ճարտարապետական զուգահեռների մասին, ներկայացվել են հինգշաբթի Երևանում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում բացված «Local time» ցուցահանեսում։
«Մենք որոշեցինք ներկայացնել այդ ցուցահանդեսը մեր հարկի տակ՝ առաջնորդվելով այն հանգամանքով, որ հնի և նորի համապատասխանության, ժամանակակիցի և ավանդականի գոյակցության հարցերն արդիական են բոլոր հին քաղաքների համար։ Այս հարցն արդիական է նաև մեր քաղաքի համար։ Այսպիսով՝ մենք որոշեցինք հնարավորություն տալ մեր քաղաքացիներին հայացք նետել այդ հարցի լուծման գերմանական փորձի վրա»,- ցուցահանդեսի բացմանը հայտարարեց Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանը։
Թանգարանի տնօրենի խոսքերով՝ «Local time» ցուցահանդեսը բացվել է Երևանում Մյունխենի Գյոթեի անվան ինստիտուտի, Հայաստանում Գերմանիայի դեսպանության և Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ և կշարունակվի մինչև մայիսի 2-ը։
Այս կապակցությամբ Հայաստանում Գերմանիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանս Յոհան Շմիդտը զուգահեռներ անցկացրեց գերմանական քաղաքների և Երևանի ճարտարապետական առանձնահատկությունների միջև։
Դեսպանը կոչ արեց Երևանում անշարժ գույքով զբաղվող բոլոր անձանց հատուկ ուշադրություն դարձնել քաղաքի հնագույն ճարտարապետության վերականգնմանը և ընդգծեց, որ քաղաքի կորիզը, նրա հնագույն ճարտարապետությունը նույնպես քաղաքի դեմքն են։
Կոպելկամի «Local time» ցուցահանդեսում ներկայացված են համեմատական լուսանկարչական աշխատանքներ, որոնք ցույց են տալիս գերմանական այնպիսի քաղաքների ճարտարապետական անցյալն ու ներկան, ինչպիսիք են Բեռլինը, Դրեզդենը, Պոտսդամը, Լայպցիգը, Պիրնը։ -0-