Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չեն տեսնում

26.03.2010, 12:22
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չեն տեսնում

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չեն տեսնում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նալբանդյանի և Լավրովի հանդիպումը տեղի է ունեցել ՀԱՊԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում:

Զրուցակիցները հանգամանալից զրույց են ունեցել մադրիդյան առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ:

Մադրիդյան սկզբունքները, մասնավորապես, նախատեսում են ազատ կամարտահայտության միջոցով Ղարաբաղի կարգավիճակի սահմանման հարցը, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովումը, անվտանգության երաշխիքների տրամադրումը:

Ըստ տեղեկատվության՝ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ և կարևորել Եվրոպական անվտանգության պայմանագրի մշակման ուղղությամբ ռուսական կողմից նախաձեռնությունը, որտեղ ամրագրվում է անվտանգության անբաժանելիության սկզբունքը:

«Պայմանագրում պետք է ամրագրվի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների հավասարությունը և մեկ սկզբունքի՝ մյուսին ստորադասման բացառումը», - ասել է նա:

Նախարարը նշել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային բեմահարթակում ՀԱՊԿ աճող հեղինակությունը, ինչի վկայությունն է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ՀԱՊԿ և ՄԱԿ-ի միջև համագործակցության մասին բանաձևի ընդունումը:

ՀԱՊԿ արտգործնախարարները քննարկել են ՀԱՊԿ խորհրդի որոշումների իրագործման ընթացքը, անդամ-պետությունների արտաքին-քաղաքական գործունեության համադրումը, ԵԱՀԿ-ում նախագահող Ղազախստանի նախաձեռնություններին ցուցաբերվող աջակցությունը:

Նախարարներն անդրադարձել են նաև Աֆղանստանում առկա իրավիճակին` կարևորելով կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի գործադրումը:

Նախարարներն ընդունել են մի շարք հայտարարություններ` ՀԱՊԿ ԱԳ նախարարների հայտարարությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակի վերաբերյալ, Եվրոպական անվտանգության պայմանագրի մշակման գործում փոխգործակցության վերաբերյալ, 2010թ. Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերաբերյալ անցկացվելիք խորհրդաժողովի մասին և ԵԱՀԿ-ում նախագահող Ղազախստանի` կազմակերպության դերակատարության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին սատարելու վերաբերյալ:

Մոսկվայում Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաև Հայաստանի դեսպանություն, ուր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել դեսպանության աշխատակիցների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրները և համապատասխան հանձնարարականներ տրվել Ռուսաստանի հետ դաշնակցային փոխհարաբերությունների առավել խորացման և ամրապնդման վերաբերյալ: -0-