Թուրքիայում ապօրինի բնակվող հայերի հնարավոր արտաքսման մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հայտարարությունը մանրամասն ծրագրված քայլ էր, կարծում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
«Չնայած համաշխարհային և թուրքական մամուլն այդ հայտարարությունները համարեց անհավասարակշիռ, ոչ ժողովրդավարական, սակայն իմ կարծիքով՝ դրանք շատ լավ և մանրամասն ծրագրված էին... Այդ հայտարարություններից Թուրքիան ավելի քիչ վնաս է կրում, քան եթե Հայաստանն առաջինը վավերացներ արձանագրությունները», - նշեց նա:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում սպառնացել էր արտաքսել Թուրքիայի տարածքում անօրինական բնակվող բոլոր հայերին: Ըստ նրա՝ այսօր Թուրքիայում բնակվում է շուրջ 170 հազար մարդ, որոնցից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացի։
Շահնազարյանն ավելացրեց, որ Թուրքիան վերջերս սկսել է կորցնել այն առավելությունները, որոնք ստացել էր հայկական իշխանությունների կոպիտ սխալների արդյունքում, և նրա համար ակնհայտ է դարձել, որ Հայաստանը պատրաստվում է առաջինը վավերացնել արձանագրությունները, ինչի համար նույնիսկ փոխել է օրենսդրությունը, ինչը ներկա իրավիճակում ուժեղ հարված կլիներ Թուրքիայի համար:
Նրա կարծիքով՝ թուրքական կողմին հաջողվել է հասնել սեփական նպատակներին, և նա բացառել է ներկա իրավիճակում Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը:
Սակայն Շահնազարյանը կարծում է, որ չնայած այդ հայտարարություններին՝ Հայաստանը պետք է առաջինը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները՝ միաժամանակ հստակ նշելով խելամիտ ժամկետները, որոնց ընթացքում Թուրքիան ևս պետք է վավերացնի դրանք:
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-