Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերը թույլ կտան ընդլայնել ֆրանկոֆոն երկրների հետ համագործակցությունը

19.03.2010, 15:41
Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերը թույլ կտան ընդլայնել ֆրանկոֆոն երկրների հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մարտի 19-ին մեկնարկող ֆրանկոֆոնիայի օրերը թույլ կտան ընդլայնել Հայաստանի և ֆրանկոֆոն պետությունների միջև հաստատված համագործակցությունը, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

«Հայաստանը 2008թ.-ին դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամ և մեծապես կարևորում է կազմակերպությանն անդամակցելը: Հայաստանը ցանկանում է դառնալ կազմակերպության լիիրավ անդամ և արդեն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ», - ասաց Տեր-Ստեփանյանը:

Ինչպես նշեց ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականը, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է մշակույթի, կրթության ոլորտներում տեղի ունեցող բոլոր միջոցառումներին, ֆրանկոֆոն երկրների հետ տեղական մարմինների մակարդակի վրա համագործակցություն է զարգացնում:

Տեր-Ստեփանյանը նշեց, որ Հայաստանում հանդիսավոր կերպով կնշվի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 40-ամյակը, այժմ մշակվում է միջոցառումների ծրագիրը:

Նախարարի խորհրդականը նշեց, որ Հայաստանում տարեցտարի աճում է ֆրանկոֆոնիայի նկատմամբ հետաքրքրությունը, ավելի շատ դպրոցներ են հետաքրքրություն ցուցաբերում ֆրանսերեն դասավանդելու հանդեպ:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովն իր հերթին տեղեկացրեց, որ Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերն անցկացվում են Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: Դեսպանի խոսքերով, միջոցառումներին կներկայացվեն ոչ միայն Ֆրանսիան, այլև Բելգիան, Ռումինիան, Կանադան ներկայացնող մասնակիցները:

«Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի անցկացման նախաձեռնության հեղինակը արտգործնախարարությունն է և հարկ է նշել, որ միջոցառումները կանցկացվեն ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքում, այլև Արմավիրում, Գորիսում, Արթիկում», - ասաց ֆրանսիացի դիվանագետը:

Նրա խոսքերով, ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում կանցկացվի ավելի քան 30 տարբեր միջոցառում, որոնց ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Ֆրանսիայի դեսպանատան կայքում: Ինչպես նշեց Սմեսովը, ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆրանսիացի դրամատուրգների բեմադրությունները, պոեզիայի փառատոնը, իսկ մարտի 20-ին Երևանում տեղի կունենա համերգ՝ հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ:

Դեսպանը տեղեկացրեց, որ մարտի 30-31-ին կանցկացվի երեխաների և մեծերի համար նախատեսված հեքիաթների փառատոն՝ հայերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով: Միջոցառումների թվում Սմեսովը նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից «Գնանք Ֆրանսիա» շարադրությունների մրցույթը, որի հաղթողները կմեկնեն Ֆրանսիա:

ՀՀ արտգործնախարարության կողմից նախաձեռնված Ֆրանկոֆոնիայի օրերը պաշտոնապես մեկնարկում են հանրապետությունում մարտի 19-ից և նվիրված են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 40-ամյակին: Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Հայաստանի մայրաքաղաքում և հանրապետության մարզերում կկազմակերպվեն տասնյակ միջոցառումներ, որոնք կներկայացնեն Ֆրանսիայի, Բելգիայի, Կանադայի, Ռումինիայի, Շվեյցարիայի, ինչպես նաև ֆրանկոֆոն այլ երկրների մշակութային բազմազանությունը երաժշտության, գրականության, գիտության, կրթության ոլորտներում:

1970 թ.-ի մարտի 20-ին Նիգերի մայրաքաղաքում հիմնադրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այսօրվա դրությամբ միավորում է 56 պետություն և անդամ-կառավարություններ, 14 դիտորդ-երկիր, որոնց բնակչությունը կազմում է ավելի քան 803 միլիոն մարդ:

Կազմակերպությունը ներկայացված է բոլոր հինգ մայրցամաքներում, նրա մեջ ընդգրկված են Միացյալ ազգերի կազմակերպության անդամներ հանդիսացող շուրջ մեկ երրորդ երկրները: Կազմակերպության նպատակը ֆրանսերենի տարածումն ու մշակութային բազմազանության պաշտպանությունն է:-0-