ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայերը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությանը կարողացան դիմանալ հավատքի շնորհիվ, ասաց Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո՝ դիմելով Երևանի Աստվածածնի տաճարում հավաքված հարյուրավոր հավատացյալներին։
«Եթե չլիներ հավատքը, քրիստոնեությունը, ապա, հավանաբար, հայ ժողովրդից ոչինչ չէր մնա»,- նշեց ՌՈՒԵ առաջնորդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա հիշեցրեց, որ ռուս ժողովուրդը 20-րդ դարում նույնպես ռեպրեսիաների ծանր ժամանակներ վերապրեց, և հայտնի չէ, թե ինչ կլիներ ժողովրդի հետ, «եթե չլիներ ուղղափառ հավատքը»։
«Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցելությունն ինձ հիշեցրեց սփյուռքի ներկայացուցիչների ողբերգական ճակատագիրը։ Փառք Աստծուն, որ մեր ժողովուրդներն ապրում են սփյուռքում այն պայմաններում, որոնք չեն սպառնում նրանց գոյությանը»,- ընդգծեց Կիրիլ Պատրիարքը։
Ըստ նրա, Հայաստանում առկա են ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի ուսումնասիրման բոլոր հնարավորությունները, գործում են ռուսական դպրոցներ և հայկական դպրոցներ, որտեղ դասավանդում են ռուսաց լեզու, գործում է նաև Սլավոնական համալսարանը։
Հայաստանում այցով գտնվող Կիրիլ Պատրիարքը չորեքշաբթի հարգանքի տուրք մատուցեց Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Երևանի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում։
Հուշահամալիրը կառուցվել է 1967 թվականին՝ Երևանի Ծիծեռնակաբերդի բլուրում։ Այն տեսանելի է մայրաքաղաքի շատ անկյուններից։ Հուշահամալիրի կենտրոնում անմար կրակն է, որի վրա կոնաձև վեր են հառնում 12 բազալտե սյուներ։ Սյուների քանակը համապատասխանում է այն վիլայեթների թվաքանակին, որտեղ Օսմանյան կայսրության օրոք տեղի են ունեցել հայերի ջարդերը։
Կողքին գտնվում է 40 մետրանոց սրաձող կոթողը, որը խորհրդանշում է Հայաստանի վերածնունդը։ Հուշահամալիրի կենտրոնական հատված տանող ծառուղու երկայնքով տեղադրված է 100 մետրանոց բազալտե հուշապատը, որի վրա գրված են տուժած տարածքների, քաղաքների և այն բնակավայրերի անվանումները, որտեղ հայերը դիմադրություն են ցույց տվել թուրքերին։
1995թ. հուշահամալիրի հարևանությամբ ստեղծվել է ցեղասպանության պատմության թանգարանը, որտեղ ցուցադրված են այդ ողբերգության մասին պատմող լուսանկարներ, փաստաթղթեր և այլ վկայություններ։
Կողքին գտնվում է Հիշատակի ծառուղին, որտեղ հուշահամալիրի օտարերկրյա այցելուները՝ հասարակական և կրոնական գործիչներն արծաթափայլ եղևնիներ են տնկում ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կիրիլ Պատրիարքն այցելեց թանգարան և եղևնի տնկեց։ -0-