Հայոց ցեղասպանության հարցը պետք է տեղափոխվի ճանաչման փուլից հետևանքների վերացման հարթություն

11.03.2010, 14:25
Հայոց ցեղասպանության հարցը պետք է տեղափոխվի ճանաչման փուլից հետևանքների վերացման հարթություն

Հայոց ցեղասպանության հարցը պետք է տեղափոխվի ճանաչման հարթությունից հետևանքների վերացման և փոխհատուցման հարթություն, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը:

«20-րդ դարի սկզբում Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստն արդեն կասկածի տակ չի դրվում: Այսօրվա դրությամբ աշխարհում չկա ոչ մի լուրջ գիտնական կամ քաղաքական գործիչ, ով կփորձեր կասկածի տակ դնել այդ փաստը», - հայտարարեց նա:

Պատմության ինստիտուտի տնօրենի կարծիքով, ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն արդեն ոչինչ չի փոխի, ընդհակառակը՝ այդ հարցը վաղուց ճնշման լծակ է դարձել թուրք-ամերիկյան հարաբերություններում:

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական:

Երեսուն կետից բաղկացած փաստաթուղթը (թիվ 252 բանաձև) կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ ջանքեր գործադրել մարդու իրավունքներին և ազատություններին, էթնիկ զտումների և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին արժանի լուծում տալու համար:

Պատմաբանի խոսքերով, այսօր ԱՄՆ-ում վաղուց ոչ ոք չի կասկածում Ցեղասպանության իրողության մեջ: Արխիվներում, մասնավորապես, Ուրուգվայի և Արգենտինայի արխիվներում կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք վկայում են ոչ միայն Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ.-ին տեղի ունեցած Ցեղասպանության, այլև 1890-ականներին հայերի զանգվածային ոչնչացումների մասին:

Գիտնականի կարծիքով, այս ամենը կարող է բավարար հիմք դառնալ այդ հարցը միջազգային իրավունքի հարթակ տեղափոխելու համար, առավել ևս՝ որ Ցեղասպանության պես հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի:

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-