Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծումն անհնար է. ՀԺԿ նախագահ

10.03.2010, 14:16
Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծումն անհնար է. ՀԺԿ նախագահ

Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծումն անհնար է, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի  Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

«Ես իրական չեմ համարում ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծումը: Ես չեմ տեսնում, թե կողմերն ինչպես կարող են վերջնական համաձայնության գալ: Թեպետ, անկասկած, գործընթացն ակտիվացել է»,- հայտարարեց Դեմիրճյանը:

Նրա խոսքով,  այժմ Հայաստանի իշխանությունները սկսել են գիտակցել, որ սխալ էր ԼՂՀ-ին բանակցային գործընթացից դուրս բերելը: «Ղարաբաղը պետք է մասնակցեր խաղաղ կարգավորման սկզբունքների համաձայնեցման փուլին»,- նշեց նա:

Դեմիրճյանը միաժամանակ նշեց նաև, որ չլուծված հակամարտությունն ավելի լավ է, քան հակամարտության վատ լուծումը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-