Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումն առաջին էական հաջողությունն է հայ-թուրքական արձանագրությունների ֆոնի ներքո. Դաշնակցություն

05.03.2010, 12:19
Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումն առաջին էական հաջողությունն է հայ-թուրքական արձանագրությունների ֆոնի ներքո. Դաշնակցություն
Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումն առաջին էական հաջողությունն է հայ-թուրքական արձանագրությունների ֆոնի ներքո. Դաշնակցություն

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչումը առաջին էական հաջողությունն է հայ-թուրքական արձանագրությունների ֆոնի ներքո, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Դաշնակցության խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական:

«Քննարկման ընթացքում և «դեմ» և «կողմ» քվեարկած կոնգրեսականների բերած փաստարկները հիմնականում կրկնվում էին, բացառությամբ, գուցե, միակ նոր փաստարկի, որը կապված էր չարաբաստիկ արձանագրությունների հետ», - ասաց Ռուստամյանը:

Սա Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած առաջին քվեարկությունը չէ: Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել 2007թ. հունվարի 30-ին՝  Կալիֆոռնիան ներկայացնող դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: 2007 թ. հոկտեմբերի 10-ին ԱՄՆ  Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովը 27 կողմ և 21 դեմ ձայներով ընդունեց 106-րդ բանաձևը, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց ԱՄՆ Պալատում և Սենատում ամբողջական քվեարկության վրա:

Հայաստանն ու Թուրքիան նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրեցին հարաբերությունների կարգավորման արձանագրությունները, որոնք այնուհետև պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից:

Ավելի վաղ ինչպես հայտարարել է Ռուստամյանը, բանաձևին աջակցողների թիվն ավելի շատ էր, սակայն հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո դրանց թիվը կրճատվեց: «Սա է ամբողջ աբսուրդը», - կարծում է պատգամավորը:

Ռուստամյանի խոսքերով՝ փաստաթղթին «դեմ» քվեարկածները բացատրում էին դա նրանով, որ չեն ցանկանում վնասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հղում անելով արձանագրությունների առկայությանը:

Երեսուն կետից բաղկացած փաստաթուղթը (թիվ 252 բանաձև) կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ ջանքեր գործադրել մարդու իրավունքներին և ազատություններին, էթնիկ զտումների և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին արժանի լուծում տալու համար:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը:--0—