Հայ մարզիկներին պատվեցին օլիմպիական Վանքուվերում

02.03.2010, 17:09
Հայ մարզիկներին պատվեցին օլիմպիական Վանքուվերում

2010 թ.-ի Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցներ, հայ մարզիկներ Քրիստինե Խաչատրյանի, Անի-Մաթիլդա Սերեբրակյանի, Սերգեյ Միքայելյանի և Արսեն Ներսիսյանի մեծարումը կիրակի կայացավ օլիմպիական Վանքուվերում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Մարզիկների պատվին կազմակերպված հանդիսավոր միջոցառումը տեղի ունեցավ Վանքուվերի Սուրբ Վարդան հայկական եկեղեցու սրահում: Միջոցառմանը ներկա էին Վանքուվերում բնակվող ավելի քան երկու հարյուր հայեր և օտարազգի հյուրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Կանադայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը: Նա շնորհավորել և շնորհակալություն է հայտնել հայ մարզիկներին Օլիմպիական խաղերին Հայաստանը պատվով ներկայացնելու, սպորտային խառնվածք և օլիմպիական ոգուն նվիրվածություն ցուցաբերելու համար:

Արման Հակոբյանը մարզիկներին է հանձնել ՀՀ դեսպանության պատվոգրերը: Պատվոգիր է հանձնվել նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին՝ ի գնահատումն Օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցության բարձր մակարդակի ապահովման:

Պատվոգիրն ընդունել է հայկական պատվիրակության ղեկավար՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ով իր հերթին Արման Հակոբյանին է հանձնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հուշամեդալը:-0-