Ղարաբաղյան հակամարտության լուծման նոր տարբերակների սպասելն անիմաստ է. փորձագետ

24.02.2010, 19:53
Ղարաբաղյան հակամարտության լուծման նոր տարբերակների սպասելն անիմաստ է. փորձագետ
Ղարաբաղյան հակամարտության լուծման նոր տարբերակների սպասելն անիմաստ է. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության լուծման նոր տարբերակների սպասելն անիմաստ է, չորեքշաբթի հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Ղարաբաղյան հակամարտություն. գործընթացի ձգձգում» թեմայով հրավիրված կլոր սեղանի ընթացքում: Քննարկումը կազմակերպել էր Կովկասի ինստիտուտը՝ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հետ համատեղ:

«Ղարաբաղյան հակամարտության լուծման նոր տարբերակների սպասելն անիմաստ է: Բոլոր տարբերակներն արդեն առաջարկվել են»,- ասաց Իսկանդարյանը:

Նրա խոսքով, Ղարաբաղյան հիմնախնդիրը վաղուց դադարել է ինտելեկտուալ խնդիր լինել, «սա իմաստավորելու կամ լուծման նախագծեր առաջարկելու խնդիր չէ, սա արդեն ուժերը հավասարակշռելու խնդիր է դարձել»:

Իսկանդարյանն ընդգծեց նաև, որ չի կարող լուրջ վերաբերվել պատերազմի վերսկսմանը, սակայն խաղաղեցման տարբերակներ նույնպես չի տեսնում: «Կողմերը կառաջարկեն անել այն, ինչ անում են այսօր՝ դիմադրել հակամարտության լուծմանը, ներսից արված դիմադրությունն ավելի ուժեղ է, քան դրսից գործադրված ճնշումը»,- ասաց քաղաքագետը:

«Ուժերի հավասարակշռությունը բարդ կոնստրուկցիա է, որը ներառում է առաջատար տերությունների մայրաքաղաքներում կողմերի լոբբինգը, հաղորդակցական նախագծեր, աշխարհագրություն և այլն»,- ավելացրեց նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: