Հանցավորության մակարդակը նախորդ տարվա ընթացքում աճել է 54 տոկոսով. գլխավոր դատախազ

24.02.2010, 16:30
Հանցավորության մակարդակը նախորդ տարվա ընթացքում աճել է 54 տոկոսով. գլխավոր դատախազ
Հանցավորության մակարդակը նախորդ տարվա ընթացքում աճել է 54 տոկոսով. գլխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում hանցավորության մակարդակը նախորդ տարվա ընթացքում, 2008 թվականի համեմատ, աճել է 54 տոկոսով, հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում։

Դատախազության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է 14 339 հանցագործություն՝ 2008 թվականի 9 721-ի դիմաց։

Գլխավոր դատախազը հատուկ նշեց, որ շարունակում է լարված մնալ Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված իրավիճակը։

«Լատենտային հանցագործությունների այս տեսակին վերաբերող վիճակագրական տվյալները չեն արտացոլում իրական իրավիճակը»,- ասաց նա։

Այս համատեքստում Հովսեփյանը նշեց, որ դատախազության ձեռքբերումն է նման գործերով քննություններում կիրառվող նոր մեխանիզմը։

«Այսուհետ ըստ էության քննելու համար դատարաններ չեն ուղղվում այն գործերը, որտեղ չի նշվում, որտեղից և ումից են ձեռք բերվել թմրանյութերը։ Նման փաստի բացահայտման դեպքում առանձին քրեական գործ է հարուցվում»,- նշեց նա։

Խոսելով այդ ոլորտի ձեռքբերումների մասին՝ Հովսեփյանը հատուկ նշեց դատախազության համագործակցության արդյունավետությունը Ոստիկանության հետ, ինչի արդյունքում ստեղծվել է տեղեկատվական բանկ, որի շնորհիվ հաջողվում է հետևել թմրամիջոցների շրջանառության գործընթացը և տեղեկություն ստանալ թմրանյութեր տարածողների վերաբերյալ։

Հովսեփյանի խոսքերով, տվյալների բազայի հիման վրա ստեղծվել է հանրապետությունում թմրամիջոցների տարածողների քարտեզ։

Գլխավոր դատախազը նշեց նաև, որ թմրամիջոցների ներթափանցման հիմնական աղբյուրն Իրանն է։

Գլխավոր դատախազության տվյալների համաձայն, նախորդ տարի հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1238 դեպք (2008 թ.-ի 763-ի դիմաց), որոնցից 87,4 տոկոսը (959 դեպք) բացահայտվել է։ -0-