Ղարաբաղը շուտով կմասնակցի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին. ՀՀԿ

18.02.2010, 14:31
Ղարաբաղը շուտով կմասնակցի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին. ՀՀԿ
Ղարաբաղը շուտով կմասնակցի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին. ՀՀԿ

Ղարաբաղը շուտով կընդգրկվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացում, հինգշաբթի լրագրողներին ասաց իշխող կուսակցության երիտասարդական թևի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։

Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կանոնավոր հանդիպումները Ադրբեջանի նախագահի հետ մի քանի քայլով մոտեցրել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։  

«Այսօրվա դրությամբ քննարկվում է Ղարաբաղը որպես բանակցային կողմ ընդգրկելու հարցը և չի բացառվում, որ դա տեղի ունենա մոտ ժամանակներում, քանի որ բոլոր կողմերն արդեն հստակ հասկանում են, որ առանց ԼՂՀ մասնակցության հարցի լուծումը հեռանում է ու ձգձգվում»,- ասաց Ավագյանը։

Նա նշեց նաև, որ առայժմ դժվար է խոսել ղարաբաղյան կողմին՝ որպես բանակցային գործընթացի մասնակից, ընդգրկելու ժամկետների մասին, սակայն միանշանակ առանց Ստեփանակերտի մասնակցության անհնար է հակամարտության երկարատև ու խաղաղ կարգավորման հասնել։

Իր հերթին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ արդեն ավելի քան մեկ տարի է ներքին ալիքներով քննարկվում է Ղարաբաղյան կողմի՝ բանակցություններին մասնակցելու անհրաժեշտությունը։

«Իրավիճակ է ստեղծվում, որ Հայաստանն արդեն տվել է իր համաձայնությունը բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցության առնչությամբ, բայց միայն շրջանակային համաձայնագրի կնքումից հետո, որը կսահմանի Ադրբեջանի հետ բոլոր հիմնական սկզբունքները»,- ասաց Սաֆարյանը։
 
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: