Մայրենիի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում է անցկացվել Երևանում

17.02.2010, 16:53
Մայրենիի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում է անցկացվել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Մայրենիի օրվա տոնակատարությունների շրջանակներում հանդիսավոր միջոցառում է անցկացվել հինավուրց ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանին հարակից տարածքում: Միջոցառման կազմակերպիչներն էին ՀՀ սփյուռքի նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունը:  

«Մենք այս տարին մայրենիի տարի ենք հայտարարել ոչ միայն, որպեսզի հարգանքի տուրք մատուցենեք մեր լեզվին, այլև որպեսզի կրթական, գիտական և պետական կառույցների ուշադրությունը հրավիրենք հայոց լեզվի խնդիրներին»,- ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ըստ նրա, անհրաժեշտ է պաշտպանել հայոց լեզուն խեղաթյուրված, ոչ պիտանի օտար փոխառություններից, ավելորդություններից:

«Գլոբալիզացիոն գործընթացների դարում, երբ տասնյակ փոքր ազգեր ու լեզուներ են անհետանում, հայերի համար շատ կարևոր է միավորվել լեզվի շուրջ, լինի դա Հայաստանում, Սփյուռքում, թե Լեռնային Ղարաբաղում»,- նշեց նախարարը:

Միջոցառման շրջանակներում Հակոբյանը Սփյուռքի նախարարության պատվոգրերով պարգևատրեց արվեստի ու գիտության մի շարք գործիչների հայոց լեզվի մաքրության գործում ունեցած մեծ ներդրման համար: Պարգևատրվածների թվում էին երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, բանասեր Պետրոս Բեդիրյանը, մանկավարժ Ջեմմա Անանյանը, բանասեր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, բանասեր, հրապարակախոս Ռոբերտ Դավթյանը, գրող Սուրեն Մուրադյանը, Շանթ հեռուստատեսության «Հորիզոն» տեղեկատվական հաղորդման ղեկավար Նվեր Մնացականյանը, ասմունքող Վերգինե Սահակյանը:  

Մայրենիի օրվա միջոցառումների շրջանակներում ծրագրվում է նաև փետրվարի 21-ին հանդիսավոր միջոցառում անցկացնել Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Բացի այդ, հայկական դպրոցներում կկազմակերպվի շարադրությունների մրցույթ «Մեր լեզուն մեր հայրենիքն է» թեմայով: -0-