Թուրքերը Եվա Ռիվասի երգում ակնարկ են տեսնում Հայոց ցեղասպանության մասին. ՀՀՀ

17.02.2010, 11:01
Թուրքերը Եվա Ռիվասի երգում ակնարկ են տեսնում Հայոց ցեղասպանության մասին. ՀՀՀ
Թուրքերը Եվա Ռիվասի երգում ակնարկ են տեսնում Հայոց ցեղասպանության մասին. ՀՀՀ

Թուրքական թերթերն աղմուկ են բարձրացրել Եվրատեսիլ-2010-ի Հայաստանի ազգային ընտրության հաղթող Եվա Ռիվասի «Apricot stone» (Ծիրանի կորիզ) երգի շուրջ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Թուրքիայում պնդում են, որ երգը ակնարկներ է պարունակում 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:

Թուրքական մամուլը փայլում է աչք ծակող վերնագրերով՝ «Ցեղասպանության հարցը Եվրատեսիլում», «Եվրատեսիլում ներկայացվող հայկական երգը Ցեղասպանության վերաբերյալ ենթատեքստ է պարունակում», «Նոր գլխացավանք Թուրքիայի համար Եվրատեսիլում»:

Մասնավորապես՝ Թուրքիայում կարծում են, որ Հայրենիքի կողմից նվիրված և սառած հողի մեջ գցված ծիրանի կորիզի մասին տողերը կարոտախտ են պարունակում Արևմտյան Հայաստանի, կորսված հայրենիքի նկատմամբ և այն վերադարձնելու անթաքույց ձգտում:

«Աճիր իմ ծառ մինչև երկինք, մեկ անգամ ես հրաժեշտ եմ տվել իմ տանը, սակայն այժմ ցանկանում են վերադառնալ իմ արմատներին», - ասվում է երգում:

Հայաստանում կիրակի տեղի ունեցած Եվրատեսիլ-2010-ի ազգային ընտրական փուլի ժամանակ SMS-քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության արդյունքում հաղթող է ճանաչվել Դոնի Ռոստովից ժամանած 22-ամյա երգչուհի Եվա Ռիվասը՝ «Apricot stone» երգով :

Երգի խոսքերի հեղինակն է հայտնի ռուսաստանցի պոետ Կարեն Կավալերյանը:

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-