Հայաստանը նվազագույն կորուստներ կունենա հայ-թուրքական գործընթացից արագ դուրս գալու դեպքում. Դաշնակցություն

03.02.2010, 15:02
Հայաստանը նվազագույն կորուստներ կունենա հայ-թուրքական գործընթացից արագ դուրս գալու դեպքում. Դաշնակցություն

Հայաստանը նվազագույն կորուստներ կունենա հայ-թուրքական գործընթացից արագ դուրս գալու դեպքում, ասաց «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի տնօրեն և ՀՅԴ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Հայաստանը պետք է արձանագրի, որ գործընթացը ձախողվել է Թուրքիայի պատճառով, և որքան շուտ նա այդ անի, այդքան քիչ կորուստներով դուրս կգա գործընթացից»,- հայտարարեց Մանոյանը։

Նա ընդգծեց, որ հայ-թուրքական սահմանի բացման և հարաբերությունների բարելավման հետ կապված գործընթացի երկարաձգումը Թուրքիայի կողմից  օգտագործվում է որպես ճնշման միջոց Հայաստանի վրա ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, և բացի այդ արգելակում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ընթացքը։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները մինչև ապրիլի 24-ը, ամսաթիվ, որը շատ փորձագետների կողմից համարվում է վավերացման խելամիտ ժամկետ։ Մանոյանն ավելացրեց, որ Անկարան առաջվա պես շաղկապում է սահմանի բացումը ղարաբաղյան հարցում փոխզիջումների հետ։

«Մենք հիմք չունենք չհավատալու Թուրքիայի այն խոսքերին, որ սահմանը չի բացվի մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Նրանք հայտարարել են այդ մասին նաև արձանագրությունների ստորագրումից առաջ, և ստորագրման ժամանակ, և ստորագրումից հետո»,- հայտարարեց Մանոյանը։

Միաժամանակ նա չբացառեց, որ Թուրքիան կփորձի տարբեր ձևերով ձգձգել հայ-թուրքական բանակցային գործընթացը, մասնավորապես, արձանագրությունների բանակցություններ սկսելով խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովում, որը պետք է իր եզրակացությունը ներկայացներ դեռևս մինչև դեկտեմբերի 7-ը։ --0--