ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է, իսկ նրա կազմավորումն ու կայացումը պատմական նվաճում էր, հինգշաբթի հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
«Պետականության կորստի, ուրեմն և բանակի բացակայության պատճառով մենք թանկ, շատ թանկ գին ենք վճարել՝ սկսած միջնադարից մինչև 1915 թվական, մինչև Սումգայիթ, Կիրովաբադ ու Բաքու»,- նշեց նախագահը Բանակի օրվան նվիրված իր ուղերձում։
Նախագահի խոսքերով՝ հայկական բանակին հատուկ այդ արժանապատվությունն էր, որ ոտքի հանեց հայ ժողովրդի բոլոր հատվածներին և, մասնավորապես, այն կամավորներին, որ պիտի հիմքն ու խարիսխը դառնային ապագա կանոնավոր բանակի։
«Նրանցից շատերն իրենց երիտասարդ կյանքը դրեցին հայրենիքի և ազատության զոհասեղանին։ Հավերժ փառք նրանց, խոնարհում ու խնկարկում նրանց պայծառ հիշատակին»,- նշեց հայկական պետության ղեկավարը։
Նախագահն ընդգծեց, որ պատերազմի բերած արյան ու արցունքների մեջ, կրակների մեջ ծնված Հայկական բանակը շարունակում է զարգանալ ու հզորանալ։ Այսօր Հայոց բանակը այն երկաթե երաշխիքն է, որ ապահովում է մեր գոյությունն ու ընթացքը և սառը ցնցուղ է ցանկացած տաքգլուխ արկածախնդրության դեմ։
Հայկական բանակի ստեղծման օր է համարվում 1992 թ.-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ կառավարությունը պատմական որոշում ընդունեց «ՀՀ Պաշտպանության նախարարության մասին» և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը: -0-