ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը երբեք զիջումների չի գնա Ղարաբաղյան հարցում առանց Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման, կարծում է Հայաստանի ազատամարտիկ-վետերանների միության նախագահ, «Սասունցի Դավիթ» ջոկատի հիմնադիր և հրամանատար Համլետ Հովսեփյանը:
«Մենք հստակ գիտակցում ենք, որ եթե մեր կողմից որևէ զիջում լինի ադրբեջանցիներին, ապա նրանք կսկսեն ավելին պահանջել, այդ իսկ պատճառով մենք երբեք զիջումների չենք գնա այդ հարցում այնքան ժամանակ, մինչև պաշտոնապես չլուծվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- հայտնեց Հովսեփյանը:
Նա նշեց նաև, որ Արցախյան պատերազմի վետերանների 99 տոկոսը պատրաստ են զենք վերցնել ձեռքը:
Իր հերթին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը նշեց, որ տարածաշրջանում կայունություն չի լինի այնքան ժամանակ, մինչև չգտնվի Ղարաբաղյան խնդրի լուծման բանալին:
«Իսկ մինչ այդ մենք պետք է պատրաստ լինենք ադրբեջանական ցանկացած սպառնալիքի: Մենք պետք է գիտակցենք, որ մեր անվտանգության գրավականը մեր բանակն է ու հայրենիքի հանդեպ սերը»,- ընդգծեց նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:
-0-