ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը շնորհավորել է զինծառայողներին հայկական բանակի 18-ամյակի կապակցությամբ, հինգշաբթի հաղորդում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունը:
«18 տարի առաջ Հայոց ազգային բանակի վերակազմավորմամբ իրականացվեց հայ ժողովրդի բաղձալի` անկախ երկիր ունենալու երազանքը, որը ներկայումս հանդիսանում է մեր պետության ձեռքբերումների, կայունության և խաղաղության գրավականը», - մեջբերեցին Հարությունյանի խոսքերը Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունից:
Հայկական բանակի ստեղծման օր է համարվում 1992 թ.-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը և հրապարակվեց պաշտպանության նախարարի առաջին հրամանագիրը:
«Այսօր արդեն կարելի է հպարտությամբ արձանագրել, որ զինված ուժերում առկա են էական փոփոխություններ բոլոր ուղղություններում, և վստահ եմ, որ ոլորտի շարունակական բնույթ կրող բարեփոխումները լիարժեքորեն կապահովեն հայ զինվորի արժանապատիվ ծառայությունը, բարեկեցությունն ու մարտունակությունը: Շնորհավորում եմ ՀՀ Զինված Ուժերի ողջ անձնակազմին Հայոց բանակի օրվա կապակցությամբ և մաղթում եմ քաջ առողջություն, անկոտրուն կամք և նորանոր հաջողություններ այս պատասխանատու և պատվավոր գործում», - ասվում է օմբուդսմենի շնորհավորական ուղերձում:-0-