Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորել և օրհնել է հայ զինվորներին Բանակի օրվա կապակցությամբ

27.01.2010, 19:03
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորել և օրհնել է հայ զինվորներին Բանակի օրվա կապակցությամբ

Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը շնորհավորել և օրհնել է հայ զինվորներին հունվարի 28-ին նշվող Բանակի օրվա կապակցությամբ, հայտնում է Սբ. Էջմիածնի առաջնորդարանի տեղեկատվական համակարգը:

«Հայոց Բանակի ծննդյան հետ կապված են մեր նորօրյա պատմության պանծալի հիշատակներ, մեր ժողովրդի հավատավոր, հայրենասեր ու ազատասեր, արի հոգու հաղթանակներ, որոնք պարծանքով են լցնում այս տոնական օրը և ոգեշնչում ու զորացնում մեզ: Արդարև, Արցախյան ազատամարտի և Հայաստանի սահմանների պաշտպանության հերոսական մարտերում կազմավորված և հասակ առած Հայոց Բանակը հավատարիմ զավակն ու հպարտությունն է մեր ժողովրդի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իր շնորհավորական ուղերձում կաթողիկոսը նշում է նաև, որ այսօր մեր Բանակի քաջարի զինվորների և հրամանատարների պատվախնդիր ու նվիրյալ ծառայությամբ խաղաղ են մեր Հայրենիքի սահմանները, և մեր ժողովուրդը իր ազատ կյանքն է կառուցում Հայաստանում և Արցախում:

«Աղոթում ենք, որ Աստված խաղաղ պահպանի մեր Հայրենիքը և իր օրհնության ու շնորհների ներքո հավատքով ամուր, Հայրենիքի սիրով զորացյալ պահի Հայոց Բանակի զորաց և զորականաց` պարգևելով քաջառողջություն, երկար օրեր, նոր ձեռքբերումներ, փառք ու պատիվ Հայրենիքի ծառայության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Հայկական բանակի ստեղծման օր է համարվում 1992 թ.-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ կառավարությունը պատմական որոշում ընդունեց «ՀՀ Պաշտպանության նախարարության մասին» և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը: -0-