ՀՀ ԱԱԽ նախագահը համագործակցության հարցեր է քննարկել ԻԻՀ արտգործնախարարի հետ

27.01.2010, 17:37
ՀՀ ԱԱԽ նախագահը համագործակցության հարցեր է քննարկել ԻԻՀ արտգործնախարարի հետ

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի  քարտուղար Արթուր Բաղդասարյանը չորեքշաբթի Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Գայանե Գասպարյանը:

«Երկուստեք նշվել է, որ հայ-իրանական դարավոր բարեկամությունը պետք է առավել ամրապնդել Հայաստանի և Իրանի միջև տարբեր ուղղություններով հարաբերությունների ընդլայնմամբ ու խորացմամբ»,- նշեց Գասպարյանը։

Ըստ նրա, կողմերը կարևորել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ հայ-իրանական համագործակցության զարգացումը:

Արթուր Բաղդասարյանն ընդգծել է Հայաստան-Իրան երկաթգծի և ավտոմայրուղու կառուցման, էներգետիկ ոլորտում առկա երկկողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հիմնախնդրի կարգավորման` վերջին շրջանի զարգացումներին:

Հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է այս խնդիրների վերաբերյալ հայկական կողմի տեսակետը` վերահաստատելով, որ Հայաստանը կողմնակից է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանը, հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը:-0-