Հայաստանն Իրանին համարում է վստահելի գործընկեր և տարածաշրջանում առանցքային նշանակություն ունեցող երկիր. ՀՀ նախագահ

27.01.2010, 15:49
Հայաստանն Իրանին համարում է վստահելի գործընկեր և տարածաշրջանում առանցքային նշանակություն ունեցող երկիր. ՀՀ նախագահ
Հայաստանն Իրանին համարում է վստահելի գործընկեր և տարածաշրջանում առանցքային նշանակություն ունեցող երկիր. ՀՀ նախագահ

Հայաստանն Իրանին համարում է վստահելի գործընկեր և տարածաշրջանում առանցքային նշանակություն ունեցող երկիր, չորեքշաբթի ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ հանդիպման ժամանակ:

ԻԻՀ արտգործնախարարը Հայաստանում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:

«Դուք  լավ գիտեք, թե մենք ինչպիսի կարեւորություն ենք տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, գիտեք, որ մենք ձեզ ընկալում ենք որպես վստահելի գործընկեր եւ տարածաշրջանում առանցքային նշանակություն ունեցող երկիր: Ուստի, երկկողմ հարաբերությունների զարգացումը, խորացումը բխում է մեր շահերից»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, ՀՀ նախագահն ընդգծել է Հայաստանի և Իրանի միջեւ առկա բարձր մակարդակի երկխոսության և անցկացվող  խորհրդատվությունների կարևորությունը:

«Ուզում եմ առանձնացնել արտաքին գործերի գերատեսչությունների շատ անհրաժեշտ եւ կարեւոր աշխատանքը: Ես ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա ապրիլին Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իմ այցելությունը և տպավորված եմ այնտեղ ունեցած հանդիպումներով»,- նշել է Սերժ Սարգսյանը:     

Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նախագահ Սարգսյանին փոխանցել ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ողջույնները: Մանուչեհր Մոթթաքին գոհունակություն է հայտնել միջկառավարական հանձնաժողովի երևանյան նիստում քննարկված խնդիրների ու կայացված որոշումների կապակցությամբ, որոնք ուղղված են երկու երկրների ղեկավարների միջև նախկինում ձեռք բերված քաղաքական համաձայնությունների իրագործմանը:

Հանդիպման ընթացքում շեշտվել է երկու երկրների միջև առկա բարեկամական բազմաբովանդակ հարաբերությունները խորացնելու առկա քաղաքական կամքը և նշվել, որ երկու ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների հարուստ պատմություն եւ զարգացման մեծ հեռանկարներ ունի: Մեր երկրի ղեկավարն ու Իրանի արտգործնախարարը համակարծիք են եղել, որ «դժվար օրերի բարեկամը նաև հեշտ օրերի լավ բարեկամ է»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախորդ տասնամյակում կատարված մեծածավալ աշխատանքը, ինչպես նաև էներգետիկ, ենթակառուցվածքների և այլ բնագավառներում նախանշված խոշոր նախաձեռնությունների իրագործումը, որոնց նպաստակահարմարությունն արդարացված է քաղաքական ու տնտեսական հարթություններում, էապես կնպաստի երկու երկրների միջև առեւտրատնտեսական հարաբերությունների հետայսու ընդլայնմանը և նոր խթան կհանդիսանա հայ-իրանական բարեկամության խորացման համար:

«Նախատեսված խոշորամասշտաբ ծրագրերի իրագործումը էապես կփոխի մեր տնտեսական փոխգործակցության պատկերը»,-ընդգծել է Հայաստանի Հանրապետության նախագահը:-0-