Հայաստանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել ԵՄ-ի հետ հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հինգշաբթի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ հայկական կողմը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել ԵՄ-ի հետ հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը գոհունակությամբ նշել են, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե բազմակողմ, թե անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափերով:
Կողմերը մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերություն ծրագրի վերաբերյալ` կարևորելով ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը` Ասոցիացման համաձայնագրի մշակումը, Ազատ առևտրի խորացված և համապարփակ համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին:
Հանդիպմանը քննարկվել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները: -0-