«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը հունվարի 20-ին զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ Հայաստանի իշխանությունները պատշաճ կերպով չեն հետաքննել Երևանում 2008 թ.-ի մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից ուժի անհամաչափ կիրառման փաստը, գրում է «Առավոտ» օրաթերթը:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, թե անցկացվել է շուրջ 200 ներքին հետաքննություն, սակայն միայն 4 ոստիկանի է առաջադրվել անհամաչափ ուժի կիրառման մեղադրանք: Կազմակերպությունը նաև անհանգստացած է, որ չնայած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայտարարված համաներմանը՝ ընդդիմության 17 ներկայացուցիչները դեռ ձերբակալված են:
Կազմակերպության կարծիքով, Հայաստանում դեռ սահմանափակվում են ազատ հանրահավաքներ անցկացնելու՝ քաղաքացիների իրավունքները:-0-