Հայաստանի ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնում Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության կապակցությամբ

20.01.2010, 10:29
Հայաստանի ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնում Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնում Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մտադիր է կապվել իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութողլուի հետ` տարակուսանք հայտնելու Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության կապակցությամբ, որում նշվում է, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ նախապայմաններ են առկա:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Նալբանդյանը մտադիր է Դավութօղլուից պարզել, «թե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ թուրքական կողմը որտեղ է տեսել նախապայմաններ և ինչով է այն հակասում արձանագրութույնների հիմնարար նպատակին»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների՝ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը պարունակում է արձանագրությունների տառին և ոգուն չհամապատասխանող նախապայմաններ և սահմանափակող դրույթներ։  

«Հուսով եմ, որ նման հայտարարությամբ թուրքական կողմը չի փորձում արդարացնել իր կողմից նախապայմաններ առաջադրելու շարունակական փորձերը և քողարկել արձանագրությունների վավերացման գործընթացի անհարկի ձգձգումը», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

ՀՀ Սահմանադրական դատարանը 2009թ. հունվարի 12-ին երկրի Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» ու «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունները: ՍԴ-ն իր որոշման մեջ սահմանել է, որ նշված արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ և չեն կարող վերաբերել ու տարաբնույթ հղումներով վերագրվել որևէ երրորդ կողմի կամ վերջինիս հետ նշված արձանագրություններն ստորագրած կողմերի փոխհարաբերություններին:

Միաժամանակ ՍԴ անդամները փաստել են, որ այդ արձանագրություններում ամրագրված մյուս բոլոր պարտավորությունները միջազգային իրավական ուժ կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև փաստացի սահմանի բաց լինելու և կոնկրետ դիվանագիտական հարաբերությունների առկայության դեպքում, որը ենթադրում է անհրաժեշտ նախադրյալների ապահովում կողմերի ստանձնած պայմանագրային պարտավորությունները կատարելու համար:-0-