Պատերազմի հնարավորությունը Լեռնային Ղարաբաղում, հաշվի առնելով այսօր ստեղծված արտաքին քաղաքական իրավիճակը, բացառվում է, երեքշաբթի լրագրողներին ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Գերտերություններից ոչ մեկը շահագրգռված չէ տարածաշրջանում հակամարտության սրմամբ, այդ իսկ պատճառով պատերազմի հնարավորությունը Լեռնային Ղարաբաղում բացառվում է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անգամ չնայած ցանկությանն ու արկածախնդրության հակմանը, նման հնարավորություն չունի»,- ասաց Սարգսյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-